13 մարտի 2019 - 14:15 AMT
Վարկանիշ. Երևանը կյանքի որակով առաջ է Թբիլիսիից և Բաքվից

Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշն ըստկյանքի որակի:

Երևանը վարկանիշում 170-րդն է՝ առաջ անցնելով հարևան երկրների մայրաքաղաքներց: Թբիլիսին 187-րդն է, Բաքուն՝ 190-րդը:

Վարկանիշը կազմելու համար մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադը վատագույնն է ճանաչվել աշխարհում: Բաղդադը վերջին՝ 231-րդ հորիզոնականում է: Մի փոքր ավելի լավ են գնահատել մասնագետները վիճակը Բանգիում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, որը 230-րդ տեղում է, և Եմենի մայրաքաղաք Սանայում, որը 229-րդն է, գրում է Lenta.ru-ն:

Վերոնշյալներից բացի վատագույն քաղաքների տասնյակում են նաև Պորտ օ Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգո), Կինշասան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և Կոնակրին (Գվինեա):

Հայտնի են նաև աշխարհի լավագույն քաղաքները բնակության համար: Դրանք են Վիեննան, Ցյուրիխը, Վանքուվերը, Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևն ու Բազելը: