14 մարտի 2019 - 10:54 AMT
Պետդեպ. Հեղափոխությունից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի զեկույցի Հայաստանին վերաբերվող հատվածում նշվել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան:

«Թավշյա հեղափոխությանը հաջորդած՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ համարվողների ազատ արձակումից հետո, Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան», - մասնավորապես նշվել է զեկույցում:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի անկախության խնդրին. նշվել է, որ դրա նկատմամբ հասարակական անվստահությունը շարունակում է պահպանվել:

«Հեղափոխությունից հետո շատ դատավորներ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների ազատեցին: Համաձայն իրավապաշտպան խմբերի՝ այն, որ այդ քրեկան գործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, ցույց է տալիս, որ այդ մարդիկ ապրիլյան իրադարձություններից առաջ հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով», - ասվում է զեկույցում:

Արձանագրվել է նաև, որ ապրիլյան իրադարձությունները «նկատելի դրական առաջընթաց են»։

«Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», - ասված է զեկույցում:

Նշվել է նաև, որ նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներու։