16 մարտի 2019 - 12:55 AMT
Նոր Զելանդիայում ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալը ավստրալացի է

Նոր Զելանդիայում 49 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալ է համարվում 28-ամյա ավստրալացի Բրենտոն Տարանտը: Մարտի 16-ին Քրայսչերչի շրջանային դատարանում տեղի է ունեցել գործով առաջին լսումը:

2 զինյալներ ներս են բերել Տարանտին դատական նիստերի դահլիճ, որից հետո դատավոր Փոլ Քելարն ընթերցել է մեղադրանքը, գրում է Deutsche Welle -ն The New Zealand Herald-ի վրա հղումով:

Տարանտը զղջման նշաններ ցույց չի տվել, իսկ տեսագրության ժամանակ նացիստական ժեստեր է արել: Դրանից անմիջապես հետո նրան դուրս են բերել դատարանից առանց վերջինիս փաստաբանի ելույթի: Դատական նիստը տևել է մոտ 1 րոպե: Հաջորդ լսումը կլինի ապրիլի 5-ին:

Ոստիկանության կոմիսար Մայք Բուշը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը նոր ահաբեկչությունների վտանգ չի տեսնում, սակայն հորդորում է զգոն լինել:

Ոստիկանությունը հետաքննում է մյուս ձերբակալվածների հնարավոր առնչությունը ահաբեկչություններին: Ձերբակալվածներից մեկն ազատ էր արձակվել, քանի որ կապ չունի պատահածի հետ:

Ահաբեկչությունից առաջ Տարանտը 74 էջանոց մանիֆեստ էր հրապարակել սոցցանցերում՝ իրեն անվանելով սպիտակամորթ մարդկանց գերազանցության տեսության կողմնակից և պատմելով Եվրոպայում մահմեդականների դեմ ահաբեկչություններ գործելու իր մտադրության մասին:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Տարանտն օրինական հիմունքներով 5 ատրճանակ է ձեռք բերել: Նա խոստացել է պատահածից հետո փոխել զենքի հետ կապված օրենսդրությունը: