18 մարտի 2019 - 13:48 AMT
«Բարսելոնան» Գրիզմանին է ուզում ձեռք բերել

Իսպանական «Բարսելոնան» մտադիր է պայմանագիր ստորագրել «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Կատալոնացիներն, որոնք մեկ անգամ արդեն փորձել են ձեռք բերել ֆուտբոլիստին, երկրորդ անգամ նման առաջարկով կդիմեն մադրիդյան ակումբին ընթացիկ խաղաշրջանի ավարտին: Միևնույն ժամանակ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Գրիզմանի ներկայացուցիչների հետ, գրում է Lenta.ru-ն L'Equipe-ի վրա հղումով:

Ինքը ֆուտբոլիստը վստահ չէ ակումբում իր ապագայի համար, որը հերթական անգամ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում հաղթանակի համար:

Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ., իսկ ֆուտբոլիստի համար հրաժարագինը 200 մլն եվրո է: Ընդ որում մինչև 2019-ի հունիսը նրան կարելի է ձեռք բերել 120 միլիոնով:

Ընթացիկ խաղաշրջանում Գրիզմանը մասնակցել է «Ատլետիկոյի» կազմում 28 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ 2018-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում Գրիզմանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Գրիզմանը համարվում է մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ նրա աշխատավարձը տարեկան հասնում է 20 մլն եվրոյի: