18 մարտի 2019 - 17:13 AMT
Էրդողան. Նորզելանդացի ահաբեկիչը 2 անգամ Թուրքիա է այցելել

Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հանրահավաք է հրավիրել տեղական մարմինների ընտրություններին ընդառաջ, որտեղ ցուցադրել է Նոր Զելանդիայում ահաբեկչի հարձակումը մզկիթների վրա: Նա հայտարարել է նաև, որ տեսանյութի հեղինակ ահաբեկչության կասկածյալը 2 անգամ Թուրքիա է այցելել:

Էրդողանը ցուցադրել է տեսանյութն Անթալիայում, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ: «Մզկիթների վրա հարձակված Բրենտոն Տարանտն առաջին անգամ Թուրքիայում 3 օր է անցկացրել, իսկ երկրորդ անգամ՝ 40 օր: Մենք հետաքննում ենք՝ արդյոք նա կապեր ունեցել է մեր երկրում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը, գրում է TJ-ն The New York Times-ի վրա հղումով:

Վերջին տվյալներով,Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում մարտի 15-ին մզկիթների վրա զինված հարձակման հետևանքով 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց: