18 մարտի 2019 - 16:17 AMT
«Հյուսիս-հարավի» շինարարությունն արագացնելու համար ավելացվել են մասնագետներն ու շինտեխնիկան

«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համապատասխան աշխատանքներ են կատարվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Այդ մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը հայտարարել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության հետ կապված մի շարք հարցեր։

Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։

Նախարար Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի գլխավոր ճանապարհաշինական ծրագիրն է, որը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այն պետք է կառուցվի առավելագույն բարձր որակով՝ պահպանելով շինարարության համար սահմանված ժամկետները։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: