20 մարտի 2019 - 13:45 AMT
Ադրրբեջանը կրկին պատերազմով է սպառնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է դուրս բերի իր «զորքերը գրավյալ տարածքներից», հակառակ դեպքում Ադրբեջանը «կարող է օգտվել տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքից»:

«Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների ՀՀ նոր ղեկավարության հետ: Ադրբեջանը 25 տարի սպասել է ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը և դա սահման ունի: Հայաստանը ըստ ՄԱԿ ԱԽ որոշումների պետք է ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք օգտվել մեր իրավունքից՝ ՄԱԿ կանոնադրությանը համաձայն»,-հայտարարել է Հաջիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է Interfax.az-ը:

Նա ասել է նաև, թե Հայաստանն «ապօրինի շահագործում է գրավյալ տարածքների բնական ռեսուրսները»: «Դա անթույլատրելի է և դրան պետք է վերջ տրվի»,-ասել է Հաջիևը:

«Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության: Դրա համար առաջին հերթին պետք է ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները, փախստականներն ու բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հողերը»,-ասել է Հաջիևը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: «Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու, մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ: