22 մարտի 2019 - 11:02 AMT
BraVo մրցանակը հետմահու շնորհվել է Ազնավուրին

BraVo երաժշտական պրոֆեսիոնալ միջազգային մրցանակը «Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ավանդի համար» անվանակարգում հետմահու շնորհվել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրներին մեծարել են մարտի 21-ին Կրեմլի պետական պալատում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Աշխարհը մեծ արտիստի կորցրեց, սակայն նրա արվեստը շարունակում է ապրել և դեռ երկար իր լույսը կսփռի սերունդների վրա: Եվ այսօր BraVo երաժշտական պրոֆեսիոնալ միջազգային մրցանակը «Համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ ավանդի համար» անվանակարգում մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին»,-հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Մրցանակը կփոխանցվի երգչի ընտանիքին:

Համերգի ժամանակ Թամարա Գվերձիթելին կատարել է Ազնավուրի «Հավերժական սեր» (Une Vie D’Amour) երգը: «Անհնար է անցած ժամանակով խոսել Շառլ Ազնավուրի մասին: Դա համաշխարհային երաժշտության գանձն է, դա մեծ մարդու կիրքն է, մտքերն են: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, ձեր երգերի համար, որոնք գեղեցկացրեցին և ավելի երջանիկ դարձրեցին մեր աշխարհը»,-ասել է նա:

Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։