22 մարտի 2019 - 11:31 AMT
Պատգամավորը՝ Քաղաքացու օրվա մասին. Տնտեսական հեղափոխության բաղադրի՞չ, թե պարապության արգասիք

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դժգոհ է քաղաքացու օր սահմանելու մասին կառավարության որոշումից, քանի որ, ըստ նրա, բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քաղաքացու օր...Սա տնտեսական հեղափոխության բաղադրի՞չ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։ Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։ Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում...

Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օրն» էր մնացել: Տարվա բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը, այլ ոչ թե մեկը...Արդեն պարզ են այդ օրվա ֆեյսբուքյան ճառերը գիտակից ու հպարտ քաղաքացու, քաղաքացիական զարթոնքի ու վերածննդի, քաղաքական մշակույթի վերելքի, երջանիկ քաղաքացու, քաղաքացիական հասարակության հաղթանակի ու էլի նման «նվաճումների» մասին...

Իսկ հաջորդ օրը՞...Հաջորդ օրը դարձյալ կմոռացվի քաղաքացին, քանզի քչերը կհիշեն, որ այդ քաղաքացին զուրկ է աշխատանքից, բնակարանից և արժանապատիվ գոյատևելու տարրական մյուս պայմաններից...»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ:

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ: