30 մարտի 2019 - 14:08 AMT
Վարչապետն Ալիևի հետ հանդիպման արդյունքները քննարկել է Բակո Սահակյանի հետ

Մարտի 30-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանը հայտարարել էր. «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»: