2 ապրիլի 2019 - 13:10 AMT
2019-ի 3 ամսում բյուջեի պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով ավելացել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Նա նշել է, որ պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 մլրդ դրամով:

«Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 մլրդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել», - հայտնել է վարչապետը։

Նրա փոխանցմամբ, առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 մլրդ դրամով:

2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8․ 361 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20․71 մլն հատ է:

«ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը», - հայտնել է վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականին բյուջեն գերակատարվելու է 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ընթացիկ տարվա հունիսի 1-ից զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։