10 ապրիլի 2019 - 17:20 AMT
ԵԽ հանձնակատարը ողջունել է ՀՀ իշխանության՝ Մարտի 1-ը բացահայտելու քայլերը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցում ողջունել է ՀՀ իշխանությունների ձեռնարկված քայլերը Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է անցյալում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականությանը, եվրահանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների քայլերը 2008 թվականի մարտին տեղի ունեցած բռնության հետևանքով 10 զոհի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է զեկույցում:

Միյատովիչը նաև ընդգծել է, որ գործընթացի պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և քրեական սխալների մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը հարգելու պայմաններում:

Կոչ է արվել բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին հատուկ ուշադրություն դարձնել և զերծ մնալ իրենց հանրային ելույթներում հասարակությունը բևեռացման տանող, պիտակավորող կամ հրահրող բառապաշարից: