11 ապրիլի 2019 - 15:40 AMT
Փաշինյան․ Հեյդար Ալիևը Մոսկվայում ԼՂ նախագահ Քոչարյանի հետ է բանակցել

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Մոսկվայում բանակցել է ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու մի քանի անգամ կրկնելով, որ ԼՂ հարցը չի կարող առանց Լեռնային Ղարաբաղի կարգավորվել։

Նա հավելել է, որ այդպիսով Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին ոչ միայն ենթադրվել է, այլ նաև տեղի է ունեցել։

Անդրադառնալով օկուպացիայի մասին մեղադրանքներին՝ վարչապետն ասել է, որ մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, ծնվել են այնտեղ ու այնտեղ են ապրել նրանց պապերի պապերի պապերը։ «Ինչպե՞ս մարդը կարող է օկուպացնել հողը, որտեղ ապրում է ու որտեղ նրա երեխաներն են ապրելու»,-նշել է նա։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի միջև հանդիպումը տեղի է ունեցել 1993 թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում: Ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը գաղտնի բնույթ էր կրում, հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվեց՝ շարունակելու ուղիղ շփումները։