12 ապրիլի 2019 - 16:18 AMT
Վճիռ հօգուտ «Լիդիանի». Ոստիկանները պետք է վերացնեն Ամուլսար ներխուժումները

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով վերջինիս վերացնել Ամուլսարի հանքավայրի տարածք կատարված ներխուժումները: Համապատասխան վճիռը տեղադրվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում անհրաժեշտ է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 (դեպի Ամուլսար տանող ճանապարհներ) կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները», - նշված է վճռում:

Ընկերությունը դատարան էր դիմել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, պահանջելով իրապահ մարմիններից վերականգնել հասարակական կարգը և հեռացնել ճանապարհներն արգելափակած՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին և ազդակիր համայնքների բնակիչներին:

Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է նախորդ տարվա հունիսի 22-ից:

Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշել է պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացնել Ամուլսարի հանքի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Կառավարությունից հայտնել էին, որ փորձաքննությունը կավարտվի ընթացիկ տարվա մայսի ամսին: