12 ապրիլի 2019 - 16:53 AMT
Վարչապետը՝ ԼԳԲՏ համայնքը «վառելու» մասին. Տարիների առաջ Ղուկասյանին գյուլլել ցանկացողը ճի՞շտ էր, թե՝ չէ

Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին «հրապարակավ վառելու» մասին հայտարարության վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Փաշինյանը հարցով է պատասխանել՝ կոռումպացվածներին պե՞տք է վառել, թե՝ չէ, ընտրություններ կեղծածներին պե՞տք է վառել, թե՝ չէ:

«Ես կարծում եմ, որ ոչ ոքի պետք չէ վառել: Եթե որևէ մեկը փորձի որևէ մեկին վառել, այդ մարդը շատ արագ բանտում կհայտնվի», - ասել է նա:

Նա նաև հիշեցրել է, որ այդ նույն պատգամավորի նկատմամբ ժամանակին մահափորձ են իրականացվել:

«Ինչ-որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլլել ու գնացել է գյուլլելու: Հիմա, իր տրամաբանությամբ, ճի՞շտ է արել, թե՝ ոչ: Իհարկե, սխալ է արել: Մենք կփորձենք բացահայտել, թե այդ պատգամավորի դեմ ով է մահափորձ արել ու կդատենք: Մահափորձ անողն էլ կարող է հազար պատճառ բերել այդ քայլի համար: Ասում ենք՝ ոչ, Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ոչ ոք չի կարող որոշել՝ ով ապրելու իրավունք ունի, ով ոչ:

«Բոլորն ապրելու իրավունք ունեն, իսկ ով կասկածի տակ դնի դա, գնալու է բանտ նստի», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթն ԱԺ ամբիոնից բուռն աղմուկ է առաջացրել: Ապրիլի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից ոմանք, այդ թվում նաև՝ Հայ առաքելական եկեղեցու մի հոգևորական, ոչ ավանդական սեռական կողմոնորոշում ունեցող անձանց վառելու, սպանելու, մահապատժի ենթարկելու կոչեր էին հնչեցնում: