12 ապրիլի 2019 - 17:31 AMT
Հայ-ռուսական զորախմբի մասնակցությամբ վարժանքներում կիրառվել են ԱԹՍ-ներ, ծանր զինտեխնիկա, ավիացիա

Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:

Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:

Ապրիլի 1-12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:

Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։

Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողականգործողություններ:

Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը: