13 ապրիլի 2019 - 11:03 AMT
Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը դարձել է Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

102 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 377 կգ (168+209) արդյունք: Պոկում վարժությունում նա հաջող է կատարել միայն երրորդ մոտեցումը և ցուցադրել 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ (168+200) արդյունքով գրավել է 6-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացի Դմիտրո Չումակի երկամարտի արդյունքն էր 391 կգ:

Սա Հայաստանի երրորդ մեդալն էր երկամարտում:Ավելի վաղ 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին, պայքարի մեջ կմտնեն նաևաշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):