15 ապրիլի 2019 - 16:53 AMT
ՀՀ նախագահը հանդիպել է ԲՀԿ փոխնախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղություններին: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել նրա գործունեությանը: