15 ապրիլի 2019 - 17:47 AMT
Վարչապետը՝ իր դեմ ակցիայի մասին. Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները նյարդայնանում են, որ չենք ձերբակալում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել իր դեմ ուղղված ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են «խոստումները չկատարելու մեջ»:

Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե իր որ խոստման մասին է խոսքը, լրագրողները բերել են ՀՀ երկրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի՝ ՀՀ-ում եկամտաբեր բիզնեսներին 50% «փայ մտնելու» օրինակը, նշելով, որ դրա վերաբերյալ որևէ կոնկրետ բացահայտում չկա:

«Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» և էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում: Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել և եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով և պետք է որևէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն», - ասել է վարչապետը:

Խոսելով իր դեմ ակցիայից, վարչապետը նկատել է, որ դրա մասնակիցները ՀՀ նախկին նախագահի ընտանիքի, այդ թվում՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմնակիցներն են:

«Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ ինչ-որ բան չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ բերման են ենթարկվել հակաիշխանական ակցիա իրականացնողներ՝ վարչական իրավախախտման համար: Նրանք բաց են թողնվել ավելի ուշ: