18 ապրիլի 2019 - 14:12 AMT
ՀՀ-ն 19 կետով բարելավել է մամուլի ազատության ցուցանիշը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով:

Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո: Զեկույցում նշվում է, որ հեղափոխությունը թուլացրել է կառավարության իշխանությունը հեռուստաալիքներում և նվազեցրել է իշխանությունների ճնշումը պետական ԶԼՄ-ների հանդեպ:

«Նոր ԶԼՄ-ները տեսախցիկ-արձագանքը եղան 2018-ի գարնան հեղափոխության, որը իշխանության բերեց նախկին լրագրողի: Մեդիա դաշտը տարատեսակ է, սակայն բևեռացված, իսկ հիմնական հեռուստաալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերի հետ: Այլ կերպ ասած՝ լրագրողական անկախությունն ու ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկությունը շարունակում են հիմնական խնդիրները լինել:

«Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել հնարավորությունները, որոնք չօգտագործվեցին թվային հեռարձակման անցնելիս, և պարադոքսալ կերպով հանգեցրեցին ռեգիոնալ հեռուստաընկերությունների քանակի սահմանափակմանը:

Համացանցում ծաղկող հետազոտական լրագրությունը բոլոր հնարավորություններն ունի կոռուպցիայի դեմ պայքարում գլխավոր դերակատարը դառնալու»,-ասվում է զեկույցում:

Մինչդեռ հարևան Ադրբեջանը նահանջել է 3 կետով՝ զբաղեցնելով 166-րդ տեղը: Վրաստանը 60-րդն է, ՌԴ-ն՝ 149, ԱՄՆ-ն՝48-րդ: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որը 121-րդ տեղում է: