18 ապրիլի 2019 - 16:56 AMT
ԱԳ նախարար. ԼՂ խնդրի առարկան 150,000 արցախցիների անվտանգությունն է

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, որ հայկական կողմի տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Նա հավելել է, որ այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ։

Ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։

«Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը»,-ասել է նա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: