18 ապրիլի 2019 - 18:00 AMT
ԱԳՆ խոսնակ. Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման մասին, մասնավորապես, այն մասին, որ քննարկում է եղել 2016-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։

Աննա Նաղդալյանը նշել է, որ ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում:

Աննա Նաղդալյանը նշել է, որ մոսկովյան հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ «Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»,-ասել է նա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Նաղդալյանն ասել է. «Ինչպես գիտեք ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը»:

Նա հավելել է, որ քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։

«Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է նա:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Վարշավայում՝ մամուլի ասուլիսում խոսելով ղարաբաղյան կարգավորման խնդրի մասին: