18 ապրիլի 2019 - 17:40 AMT
Նելլի Դուրյան. 3 անչափահաս հղիներն ամուսնացած են, քրգործ չի հարուցվի

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել3 անչափահասների հղիության վերաբերյալ տեղեկություններով, որոնք վերջին շրջանում շրջանառվում են համացանցում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Արդյունքում պարզվել է, որ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները:

Այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ»,-ասվում է գրառման հետ։

Վերջին շրջանում համացանցում տեղեկություններ հայտնվեցին Արմավիրի մարզում 3 անչափահաս աղիջիկների հղիության մասին: Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից, քանի որ դա էր պահանջում օրենքը: