18 ապրիլի 2019 - 19:22 AMT
ԱԱԾ․ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։

Մեղադրանքն առաջադրվել է ՊՎԾ աշխատակիցների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթին միջամտելու վերաբերյալ քննվող գործի շրջանակներում։

Ինչպես հայտնում է ԱԱԾ-ն, Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

308 հոդվածի 1-ին մասը պատիժ է սահմանում էական վնաս առաջացրած, պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբակային շահերին ծառայացնելու համար։ Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Ըստ ԱԱԾ, քրգործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: