19 ապրիլի 2019 - 10:36 AMT
Սուրենյան. 5-7 աստիճանով կցրտի՝ արկտիական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում

Ապրիլի 19-ի երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում ապրիլի 19-ի երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ամբողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հզորությունը կարող է հասնել 20-25սմ և ավելի»,-ասվում է գրառման մեջ։