19 ապրիլի 2019 - 11:37 AMT
«Իմ քայլի» պատգամավորի ակնարկը ԲՀԿ-ին. «Ժողովրդի հետ, ժողովրդի համար»-ը դարձրել եք «ժողովրդի միջոցով»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, կլինկերի ներմուծումը մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում, անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի տնտեսական ազդեցությանը Արարատ քաղաքի վրա:

Պատգամավորն ասել է, որ ԲՀԿ-ն իր «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» սկզբունքը դարձրել է «ժողովրդի միջոցով»:

Նա հիշեցրել է, որ 2003 թվականին, երբ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ստանձնեց գործարանի ղեկավարումը, այնտեղից բարձրորակ ցեմենտ էր արտահանվում Իրան ու Վրաստան:

«Այն իրապես հզոր գործարան էր, սակայն 16 տարում դրա զարգացման ռազմավարություն չի մշակվել: Պետք էր այս ընթացքում ներդրումներ անել, աշխատողների իրավունքները պաշտպանել, չվարձել ճոխ մեքենաներ գործարանի ղեկավարության համար: Այս ներդրումները չեն արվել, այդ ռազմավարական միտքը չի եղել», - ասել է իշխանական պատգամավորը՝ հորդորելով ազնիվ լինել և խոստովանել, որ գործարանը լավ չի կառավարվել:

Նա հորդորել է մտածել գործարանի կառավարման մոդել, որտեղ կպահպանվի մրցակցությունը:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանի աշխատակիցներին կրճատելու «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»: Գործարանի ղեկավարությունն ասել է, որ ցեմենտ արտադրելու փոխարեն, նրանք էլ կներկրեն կլինկեր և դրանից կստանան ցեմենտ:

«Գաջ» ՓԲԸ-ն իր հերթին մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար: