20 ապրիլի 2019 - 13:15 AMT
Հոլանդահայերը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հանրագիր կներկայացնեն կառավարությանը

Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի Plein հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ:

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։

Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։