22 ապրիլի 2019 - 12:45 AMT
ԱՄՆ-ն կարող է ամբողջապես արգելել նավթի ներմուծումն Իրանից

Ապրիլի 22-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կարող է ամբողջապես արգելել նավթի ներմուծումն Իրանից: Առաջինն այդ մասին հայտնել է The Washington Postը, հետագայում հաստատել են Reuters-ն ու Associated Press-ը: Ըստ վերջինիս, ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել ապրիլի 19-ին:

Մինչ օրս 8 երկիր ազատ էր Իրանից նավթ գնելու հարցում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Թուրքիան, Իտալիան և Հունաստանը: Նրանց համար կես տարով բացառություն էր արվել 2018-ի նոյեմբերին պատժամիջոցները սահմանելիս՝ մինչև մայիսի 2-ը: Սպիտակ տունը մտադիր չէ երկարացնել դրա գործողությունը, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ էներգետիկ ռեսուրսների պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ֆանոն հրապարակել էր վարչակազմի կարծիքն այս հարցի վերաբերյալ. «Մեր նպատակն է որքան հնարավոր է արագ զրոյացնել Իրանի արտահանումը»: Այժմ Իրանից հումքի խոշոր ներկրողներն են Չինաստանն ու Հնդկաստանը: Իտալիան, Հունաստանն ու Թայվանը պատժամիջոցների սահմանումից ի վեր արդեն հրաժարվել էին իրանական նավթի ներկրումից:

Հակաիրանական պատժամիջոցների պարագայում բացառությունների չեղարկման հարցով զբաղվում է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը: ԱՄՆ-ն ուզում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից:

Մինչ 2018-ի մայիսին սահմանած պատժամիջոցներն Իրանն արտահանում էր ավելի քան 2,5 մլն բարել նավթ օրական: 2019-ի ապրիլին արտահանումը չի գերազանցում 1 մլն բարելն օրական: