23 ապրիլի 2019 - 14:47 AMT
Դեսպան. ՌԴ ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն չկա, առանձին գնահատականներ են

Հայաստանում Ռուսատանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ-ում հնչած տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ ունեցող որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում պետք է դադարեցնել:

Նա նշել է, որ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին չէ որ հետևում է, բայց չի կարծում, որ «կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին»։

«Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են: Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավն է։ Կարծում եմ՝ պատգամավորներն իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - 24news-ի փոխանցմամբ, ասել է դեսպանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ էր արել Հայաստանի տարածքում հեռարձակվող ռուսական լրատվամիջոցներին, իսկ իշխող «Իմ քայլը« խմբակցության պատգամավորը բարձրացրել էր հակահայկական շեշտադրումներով աչքի ընկած հեռուստաընկերությունների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելելու հարցը: