26 ապրիլի 2019 - 17:33 AMT
Պեկինում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հուշ-երեկո է անցկացվել

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Հուշ-երեկոյին մասնակցել են Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիներ (Գերմանիա, Ղազախստան, Կոստա Ռիկա, Վրաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Միջոցառմանը ներկա էր «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով չինական կողմի հրավերով ՉԺՀ-ում գտնվող Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ ծաղիկներ են դրել և խնկարկման արարողություն կատարել, ինչպես նաև տեղի է ունեցել մոմավառություն։

Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Տեղի է ունեցել «Սողոմոն Թեհլերյան» վավերագրական ֆիլմի դիտում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: