1 մայիսի 2019 - 12:26 AMT
Ցուկերբերգը ցուցադրել է Facebook-ի նոր դիզայնը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը F8 մշակողների խորհրդաժողովում ցուցադրել է սոցցանցի նոր դիզայնը: Միջոցառման հեռարձակումը հասանելի էր նրա ֆեյսբուքյան էջում: Նոր դիզայնը ստացել է FB5 անվանումը: Ցուկերբերգը նշել է, որ որոշակի դերակատարություն առաջիկա փոփոխություններում կունենա օգտատերերի գաղտնիությունը:

Փոփոխություններ կլինեն կայքում և սոցցանցի հավելվածներում, մասնավորապես, չի լինի էջի վերևի «կապույտ» գլխագիրը, դիզայնը ավելի բաց երանգներով կլինի: «Պատմությունների» բաժինը, որոնք ջնջվում են հրապարակումից 24 ժամ անց, առավել ցայտուն կդառնա, իսկ էջի կենտրոնում կտեղադրվեն ընկերակցությունները: Ընկերությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի նաև Marketplace գնումների ներկառուցված բլոկին՝ տեղադրելով այն էջի վերևի մենյուում, գրում է «Վեդոմոստին»:

Ցուկերբերգը նշել է, որ նոր դիզայնը թույլ կտա օգտատերերին ավելի հեշտ շփվել, կիսվել նորություններով և այլ տեղեկատվություն փոխանակել խմբերում: Facebook-ը նաև աշխատում է իր մեսենջերների՝ WhatsApp-ի և Messenger-ի ինտեգրման և կոդավորման վրա: Որոշ փոփոխություններ կլինեն նաև Instagram-ում, որը ևս Facebook-ին է պատկանում:

Facebook-ի թարմացված հավելվածներն iOS-ի և Android-ի համար կներկայացվեն առաջիկայում, իսկ կայքի նոր դիզայնը կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում: