3 մայիսի 2019 - 16:03 AMT
Սիրիայում հայ սակրավորները 25,290 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25,290 քմ տարածք են ականազերծել:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, հայտնաբերվել են հակահետևակային ականներ (ՊՄՆ-2՝ 11 հատ, ՄՕՆ-50՝ 2 հատ), հակատրանսպորտային ականներ (ՏՄ- 62՝ 9 հատ, SB – 80՝ 1 հատ), ձեռքի նռնակ (Ֆ-1՝ 3 հատ), կասետային ենթառազմամթերք՝ 1 հատ, ինքնաշեն՝ 2 հատ:

«Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների: Իրականացվել են նաև կլինիկական, կենսաքիմիական և լաբորատոր հետազոտություններ: Հայ մասնագետները շարունակում են հումանիտար առաքելությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: