Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 վթարային վայրէջքի արդյունքում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Հաջովել է փրկվել 33 ուղևորի և անձնակազմի 4 անդամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
6 մարդ հոսպիտալացվել է, որից 3-ի վիճակը ծանր է: «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հրապարակել է ողջ մնացած ուղևորների ցուցակը:
Աղետը տեղի է ունեցել մայիսի 5-ի երեկոյան: Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Մուրմանսկ, սակայն թռիչքից 28 րոպե անց անձնակազմը որոշել էր վերադառնալ Մոսկվայի օդանավակայան:Կոշտ վայրէջքի ժամանակ բռնկվել են ինքնաթիռի շարժիչները, հետո կրակը տարածվել է ինքնաթիռի պոչային մասի վրա:
Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը:
Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի հրամանատար Դենիս Եվդոկիմովը նկարագարել է, թե ինչ է պատահել, հայտնում է Lenta.ru-ն Baza Telegram-կանալի վրա հղումով:
Ըստ օդաչուի, թռիչքից հետո ինքնաթիռը հայտնվել է կայծակի հարվածի տակ, որի հետևանքով անհետացել է ռադիոկապը և ինքնաթիռն անցել է անմիջական կառավարման ռեժիմի: Հետո ռադիոկապը հաջողվել է մասնակիորեն վերականգնել, իսկ կարգավարներն օգնել են անձնակազմին կողմնորոշվել թռիչքուղու հարցում:
Ըստ Եվդոկիմովի, վայրէջքի ժամանակ, ինքնաթիռի արագությունը նորմալ էր: «Սահուն էինք մոտենում գետնին: Չեմ կարող հստակ ասել, թե ինչու տեղի ունեցավ հարվածը: Արագությունը բավարար էր, թռիչքուղուն մոտենում էինք ուղղահայաց արագության նվազմամբ, ինչպես կարգն է»,-ասել է նա: