8 մայիսի 2019 - 18:22 AMT
Մոսկվան քննադատել է ՀՀԿ-ին ու «Սասնա ծռերին» Նժդեհի ու ազգայնականության համար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը զեկույց է պատրաստել աշխարհի տարբեր երկրներում նացիզմի հերոսացման, նեոնացիզմի տարածման, ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ, որում քննադատել է ՀՀԿ-ին ու «Սասնա ծռերին» համապատասխանաբար Նժդեհի արձանի տեղադրման ու ազգայնականության համար:

ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկանքում նշվում է, որ ՀՀԿ-ն «ոչ միանշանակ ազգայնական քաղաքական գործիչ» Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող քայլեր է իրականացրել, «որի՝ Երրորդ Ռայխի հետ գործակցության մասին տեղեկություններ կան»:

Նշվում է, որ քաղաքական կուսակցությունների թվում ազգայնական կողմնորոշում ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի մերժումն է, ինչը կուսակցությունը համարում է ռուս-թուրքական հանցավոր գործակցության արդյունք: «Կուսակցության հայտարարված նպատակներն են նոր Հայաստանի ստեղծումը, ներառյալ ինչպես երկրի ներկայիս սահմանները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Ծրագրային դրույթներում շեշտվում է ռուսական, այսպես ասած, գաղութարար քաղաքականության հետևանքով ոտնահարված իրավունքների վերականգնումը, ՀՀ-ի վերահսկողությունը Նախիջևանի և Ախուրյան գետից արևմուտք ընկած տարածքների վրա», - նշվում է ՌԴ ԱԳՆ տեղեկանքում:

Ընդհանուր առմամբ նշում է, որ ռասիզմի ու քսենոֆոբիայի դրսևորումները ՀՀ-ում բացառություն են։ Հաճախ հանդիպում է այցելող Հնդկաստանի ու Իրանի քաղաքացիների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունք, ինչը, սակայն, պայմանավորված է այցելուների ոչ հարիր վարքով։

2016 թվականին Երևանում տեղադրվել է հայ ռազմական, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, ինչին բացասական էր արձագանքել Մոսկվան: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ իրենք «զարմացած են» Երևանում Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծողներից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից:

«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի ցանկացած դրսևորումների հերոսացմանը ևս բոլորը լավ գիտեն... մեզ համար անհասկանալի է, ինչու է տեղադրվել տվյալ արձանը, չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ազգի անմահ հերոսության մասին», - ասել էր Զախարովան:

Նժդեհը 1919-ի օգոստոսից Զանգեզուրում եղել է զիված ուժերի հրամանատար՝ ղեկավարելով թուրք-թաթարական զորքերի դեմ դիմադրությունը: Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև 1920-ի օգոստոսի 10-ին կնքված համաձայնագիրը, որով Կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին Նժդեհի գլխավորությամբ սկսվել է համազանգեգուրյան ապստամբությունը: Նոյեմբերի 21-ին Կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհը ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: Նժդեհի գործունեությունը խափանել է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ Զանգեզուրը ևս Ադրբեջանին հանձնելու բոլշևիկյան ծրագիրը: