11 մայիսի 2019 - 11:31 AMT
Փաշինյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորել է Տուսկին և Յունկերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպայի օրվա առթիվ, հայտնել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նա նշել է, որ կարևորում է ՀՀ-ԵՄ համընդգրկուն գործակցությունը և այդ գործակցությունը կանոնակարգող՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այդ առանցքային փաստաթղթի իրագործումը, որը լիարժեքորեն համահունչ է կողմերի որդեգրած արժեքներին, ինչպես նաև կառավարության ձեռնարկած լայնածավալ բարեփոխումների օրակարգին, առավելագույնս կնպաստի երկրում ժողովրդավարության ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Երկրորդ աշխարհամարտից հետո միացյալ Եվրոպայի ստեղծումը փաստեց, որ առաջադեմ, զորեղ և խաղաղասեր հասարակությունները խարսխված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության սկզբունքների վրա: Եվրոպական արժեքները մեզանում լավագույնս դրսևորվեցին ուղիղ մեկ տարի առաջ, երբ հայ ժողովուրդն իր վճռական քայլը կատարեց՝ հիմք դնելով մեր երկրում ինստիտուցիոնալ և համապարփակ ժողովրդավարական համակարգի զարգացմանը։ Հաշվի առնելով, որ այս տարի մենք տոնում ենք Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարեդարձը, ցանկանում եմ իմ գնահատանքը հայտնել այն ներդրման համար, որ համագործակցության այդ ձևաչափն ունեցել է մեր երկրի և առհասարակ տարածաշրջանի բարգավաճման և կայուն զարգացման հարցում: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերությունը կգրանցի նորանոր ձեռքբերումներ և կշարունակի իր հաստատակամ զարգացումը», - գրել է վարչապետը։