13 մայիսի 2019 - 12:09 AMT
Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում

Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:

Նա հայտարարել է, որ իրազեկված չէ ղարաբաղյան հակամարտության մասին, բայց ամեն ինչ արվելու է, որ Մխիթարյանը թիմի հետ լինի, հայտնում է Express-ը:

«Մենք ուզում ենք, որ Մխիթարյանը խաղա: «Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ հանդես եկավ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նա խաղա: Բայց չգիտեմ, որքանով է դա հնարավոր քաղաքական հարցերի պատճառով: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ խնդիրներ կան երկրների միջև, բայց ամեն ինչ անելու ենք, որ Մխիթարյանը թիմի հետ լինի»,-հայտարարել է իսպանացի մասնագետը:

Անդրադառնալով ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելուն՝ Էմերին ասել է, որ կգերադասեր, որ խաղն Անգլիային ավելի մոտ երկրում անցկացվեր, քանի որ դա խնդիրներ է առաջացնում երկրպագուների համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

Photo. Arsenal FC via Getty Images