13 մայիսի 2019 - 14:43 AMT
Շվեդիայում կվերաբացեն Ասանժի դեմ հարուցված բռնաբարության գործը

Շվեդիայի դատախազությունը կվերաբացի գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks ինտերնետ հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ ժամանակին հարուցված քրեական գործը, որով նրան կասկածում էին սեռական հողի վրա հանցագործությունների մեջ:

«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Ասանժը մեղավոր է: Հետաքննությունը կարճելու մասին որոշումն ընդունվել էր այն հիմքով, որ Ասանժի ներկայությունը դատարանում անհնար էր, ոչ թե հիմնված էր գործի հանգամանքների վրա»,-հայտարարել է գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարիա Պերսոնը:

Ըստ նրա, Շվեդիան հարցում կներկայացնի WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման վերաբերյալ, երբ «նա կկրի իր պատիժը Մեծ Բրիտանիայում»: «Հուսով ենք, որ Բրիտանիայի իշխանությունները որոշում կկայացանեն արտահանձնման վերաբերյալ ամռանը: Մինչև 2019-ի օգոստոսը, երբ սպառվում է գործով վաղեմության ժամկետը»,-հավելել է Պերսոնը:

Նա նշել է նաև, որ հնարավոր է համարում Ասանժի հարցաքննությունը տեսակապով: Ամսաթիվը դեռևս հստակեցված չէ, կողմերը դեռևս «լուծում են տեխնիկական հարցերը, կապված այդ թվում նաև կալանքի թույլտվության հետ»:

Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին:

Ասանժը վախենում էր, որ իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ուզում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Շվեդիայի դատախազությունը 2017-ին դադարեցրել է Ասանժի հետապնդումը, սակայն ենթադրյալ զոհի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միջնորդել է Ասանժի դեմ գործը վերաբացելու մասին: