14 մայիսի 2019 - 16:48 AMT
Չինաստանի նախագահ. Ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ կատարված ողբերգական դեպքերը

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրի առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը:

ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսե ճանապարհի» արդյունքն է:

«Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը: