14 մայիսի 2019 - 17:22 AMT
Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարան միջնորդություն է ներկայացրել։

Մասնավորապես, փաստաբանը միջնորդել են դատարան հրավիրել 2008-ին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին ու մյուս դատավորներին, հայտնում է Aysor.am-ը։

«Սահմաանդրական դատարանի այն ժամանակվա անդամներից հարցաքննվել է 2 հոգի՝ Ֆելիքս Թոխյանը ու Վալերի Պողոսյանը։ Ի դեպ, երկուսն էլ այս գործով ժխտել են իրենց նկատմամբ ճնշում գործադրելու փաստը։ Որպեսզի մենք կարողանանք վիճարկել հիմնավոր կասկածի առկայության փաստը և, նկատի ունենալով, որ մեղադրանքի մեջ նշված չէ, թե ՍԴ որ անդամի նկատմամբ է այդ ճնշումը գործադրվել, մենք միջնորդում ենք դատարան հրավիրել ու խափանման միջոցի քննության շրջանակներում հարցաքննել այդ ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Ֆելիքս Թոխյանին։ Այս անձինք 2008.-ի մարտի 1-ի դրությամբ մասնակցել են այդ գործի քննությանն, իսկ Նազարյանը եղել է զեկուցող»,- դատարանում ասել է Հայկ Ալումյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է պաշտպանի ներկայացրած միջնորդությանը և հայտարարել, որ այս փուլում վկաների հարցաքննությունը նպատակահարմար չէ։

«Դա կատարվում է ապացույցների հետազոտման փուլում, գործի՝ ըստ էության քննության ժամանակ»,- ընդգծել է դատախազը։

Միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում կհայտնի ավելի ուշ։