15 մայիսի 2019 - 11:03 AMT
Արենիի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը

Արենիի խոշորացված համայնքի ավագանին արգելել է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի վարչական տարածքում: Համապատասխան որոշումն ընդունվել է 2019 թվականի մայիսի 6-ին:

Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հաշվի առնելով Արենի համայնքի բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք», - ասված է որոշման մեջ:

Որոշմամբ արգելվում են համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները:

Ավելի վաղ Արենի խոշորացված համայնքի մեջ մտնող Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղերի բնակիչները մայիսի 3-ին կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։