15 մայիսի 2019 - 11:35 AMT
Մեսչյան. Մինչև հունվար ուզում ենք ավարտել մետրոյի նոր կայարանի նախագիծը, 2020-ին՝ շինաշխատանք սկսել

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ մինչև 2020 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները:

Մեսչյանը նշել է, որ այդ դեպքում 2020 թվականի սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

«Այս ընթացքում բավականին շատ իրողություններ են եղել՝ դրական առումով: Շինարարությունը կսկսենք կամրջից: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,- նշել է Արթուր Մեսչյանը:

Ավելի վաղ Մեսչյանն ասել է, որ ճոպանուղու կառուցման ծրագիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է:

«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը: Կապը լինելու է 2-րդ զանգվածից մինչև նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»,- հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետը: