15 մայիսի 2019 - 11:38 AMT
Արցախի ՊՆ-ում հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման հարցեր են քննարկվել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և ՀՀ տեղեկատվական ոլորտի մի շարք պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ լրատվական ծառայությունը։

Բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ԱՀ զինված ուժերը, թույլատրելի սահմաններում լինելով բաց ցանկացած բնույթի կառուցողական համագործակցության համար, ակնկալում են նաև պետական շահագրգիռ կառույցների դերակատարումը` հանրային լայն շրջանակների մոտ բանակային զարգացումների նկատմամբ առավել օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցումներ ձևավորելու հարցում:

Քննարկվել են նաև պետական ու բանակային համապատասխան կառույցների համագործակցության հետագա խորացման և հարակից այլ թեմաներ: