15 մայիսի 2019 - 15:01 AMT
Միրզոյանը՝ Բալասանյանին. Տեսախցիկի առջև ասածները պետք է համընկնեն առանց դրանց արվող հավաստիացումների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով կոչ կանեի, որ տեսախցիկների առաջ հնչած հայտարարությունները համապատասխանեին առանց տեսախցիկների արվող հավաստիացումներին», - ասել է Միրզոյանը:

Նա նաև նշել է, որ հասկանում է՝ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը:

«Կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից», - ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԺ-ում գտնովղ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ հակասություն կողմերի միջև չկա, ՀՀ ու Արցախի «հարաբերությունների մեջ չկա սրացում»:

«Կարևոր է հասկանալ՝ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», - ասել է նա:

Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեր ՀՀ-ի կողմից: