15 մայիսի 2019 - 18:16 AMT
ՌԴ-ից թռչնամսի ներմուծումը ՀՀ արգելվել է

Մայիսի 17-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ, արգելքը դրվել է տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

«Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը», - ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ: