16 մայիսի 2019 - 12:03 AMT
ՀՀ ԱԽ քարտուղարը Սպիտակ տանը Թրամփի հատուկ օգնականին է հանդիպել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնարկել է:

Նա Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։

ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ` որպես համանախագահ երկրի դերակատարությունը Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Հատուկ օգնական Հիլլն իր հերթին նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։

Կարևորվել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին ամերիկյան աջակցությունը։ Կողմերը ևս մեկ անգամ ընգծել են Արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։