16 մայիսի 2019 - 14:24 AMT
Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Մխիթարյանի` Բաքու մեկնելու վերաբերյալ

Բուքմեյքերական գրասենյակները գնահատել են Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու շանսերը:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:

«Խաղադրույք կատարել, որ հայ կիսապաշտպանը կլինի Բաքու մեկնող «Արսենալի» անդամների կազմում, կարելի է 1.25 գործակիցով (հավանականությունը 75%): Կարելի է նաև հակառակ խաղադրույքը կատարել՝ որ Մխիթարյանը չի հայտագրվի խաղի համար 3.55 գործակիցով (25%)»,-գրում է ռուսական championat.com-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: