17 մայիսի 2019 - 11:26 AMT
Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել

Մայիսի 16-ին Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել, այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Նիշանյանին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ՝ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից:

«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը:

Նիշանյանը 2014 թվականից Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով: