17 մայիսի 2019 - 12:26 AMT
Մայիսի 17-ին Երևանում ամսվա համար ռեկորդային ջերմություն կլինի

Մայիսի 17-ին Երևանում մայիսի համար ռեկորդային ջերմություն կգրանցվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,-ասվում է գրառման մեջ:

Երևանում՝ մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը, 22-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում`մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ՛

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը կբարձրանա 1-2, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։