18 մայիսի 2019 - 10:27 AMT
Փաշինյանը հուսով է՝ մինչև 2019-ի ավարտը ռուսական գազի գինը հնարավոր կլինի նվազեցնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ մինչև 2019-ի ավարտը հնարավոր կլինի հասնել ռուսական գազի գնի նվազեցմանը: Այդ մասին նա հայտնել է ռոսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գազի սակագնի հարցի լուծումն այդ սեղմ ժամկետում իրատեսական է: Նա ընդգծել է, որ հարցն առնչվում է ոչ այնքան էներգակրի գնին, որքան ԵՏՄ արդյունավետությանը: Նա հիշեցրել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն միասնական էներգետիկ շուկայի մասին՝ հավելելով, որ Երևանի առաջարկը չի հակասում միջպետական միավորման զարգացման տրամաբանությանը, գրում է Lenta.ru-ն:

«Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵՏՄ արդյունավետության համար»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմը չի հերքում գազի սակագնի նվազման հնարավորությունը:

2018-ի դեկտեմբերին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի ժամանակ կողմերին չի հաջողվել փոխզիջման գալ գազի հարցում: Փաշինյանն ասել է, որ գազի սակագնի հարցը զգայուն է հայ-ռուսական հարաբերությունների համար և դրա քննարկումը կշարունակվի: Մոսկվան այն ժամանակ հայտարարեց, որ բանակցային գործընթացում տեղաշարժ կա: