18 մայիսի 2019 - 13:26 AMT
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «իրեն անվտանգ կզգա», եթե որոշի մեկնել Բաքու՝ ԵԼ «Չելսիի» հետ եզրափակչին:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ, հնարավոր է, Մխիթարյանը չընդգրկվի խաղին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում անվտանգության նկատառումներով: Ակումբը հայտնել էր, որ դեռևս անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից և բանակցությունները շարունակվում են:

«Մեր պետական մարմինները երաշխիքներ են տրամադրել ՈւԵՖԱ-ին, անվտանգության ապահովման հետ ոչ մի խնդիր չկա: Մենք «Արսենալից» հարցում էինք ստացել դեռ այն ժամանակ, երբ ակումբը եզրափակիչ դուրս չէր եկել, մեր իշխանություններն ապահովել են անվտանգության միջոցները Մխիթարյանի Բաքու ժամանելու համար»,-ասել է Մամեդովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Մխիթարյանը ընթացիկ խաղաշրջանում չի մասնակցել «Արսենալի» արտագնա խաղին «Ղարաբաղի» հետ՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլում: ԵԼ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մայիսի 29-ին:

Ընթերցեք նաև. «Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել